ՀՀ տարածքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով  արտակարգ դրություն հայտարարելու  որոշմամբ  պայմանավորված՝ «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հեռավար ուսուցման միջոցով ապահովում է ուսումնական գործընթացի անընդհատությունը:

Այդ նպատակով քոլեջի ֆեյսբուքյան էջին տեղադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  ուղարկված շրջաբերականը, Viber մեսենջերի միջոցով ստեղծվել են խմբեր դասախոսների ընդգրկմամբ, որոնց պարբերաբար տրվում են հանձնարարություններ և խորհրդատվություններ:

Ս/Թ. մարտի 18-ից քոլեջում դասավանդվող բոլոր մասնագիտական ծրագրերը իրականացվում են հեռավար ուսուցման կանոնակարգով:

Քոլեջի ֆեյսբուքյան էջին տեղադրվել է նաև բաց թողնված  դասաժամերը լրացնելու նպատակով կազմված  ժամանակացույցը:

Կուրսղեկների նախաձեռնությամբ Viber մեսենջերի միջոցով ստեղծվել են խմբեր՝ յուրաքանչյուր կուրսի ուսանողների ընդգրկմամբ: Ծրագրի ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ բոլոր ուսանողների կողմից  կիրառվում է վերջինս:

Ըստ կուրսերի  հասանելի են բոլոր առարկաների  և մոդուլների դասախոսությունները, առաջարկվող մասնագիտական գրականությունը, դասագրքերը:  Առկա են նաև հղումներ՝ էլեկտրոնային կրթական պաշարներին:

Դասավանդման ընթացքում կիրառվում  են տարբեր գործիքներ, ծրագրեր: Մասնավորապես, առցանց դասերն անցկացվում են ZOOM հարթակի օգնությամբ: Դասի ընթացքում հարթակը հնարավորություն է ընձեռում իրականացնել հարցումներ, կիրառել համակարգչի էկրանը դասը բացատրելու ընթացքում, ներկայացնել էլեկտրոնային ցուցադրություններ, դիտել sovorir.em և այլ  կայքերում տեղադրված տեսադասերը։

Օգտագործվում  են նաև LearningApps.org,  Quizizz.com, Socrative կայքերի ընձեռած հնարավորությունները, e-mail, skype, WhatsApp, Messenger հարթակները, պատրաստվում  են մասնագիտական թեստեր, խաչբառներ, անցկացվել են  նաև տեսադասեր:

Քոլեջի  դասախոսները մասնակցում  են EduArmenia-ի կողմից կազմակերպված «ZOOM հարթակի կիրառումը» առցանց դասընթացին, բացի դրանից 3 դասախոս հրավեր է ստացել՝ մասնակցելու «Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթացին և մեկ դասախոս արդեն ստացել է հավաստագիր՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացին ակտիվ մասնակցելու համար:

Հեռավար ուսուցման միջոցով  ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը գնահատելու նպատակով դասախոսների և ուսանողների շրջանում անցկացվել է  հարցում՝ հետագայում նրանց կողմից բարձրացված խնդիրներին  ու  առաջարկություններին   լուծում տալու նպատակով:

Հարցումների արդյունքում դասախոսները փաստում են, որ առցանց  ուսուցման պայմաններում  մեծացել է հետազոտական բաղադրիչը, ինչպես նաև ընդլայնվել  է ուսանող-դասախոս անհատական համագործակցությունը։

Քոլեջի ողջ անձնակազմը պատասխանատվության գիտակցումով աշխատում է առավելագույնս՝ այս փորձությունը պատվով  հաղթահարելու համար:

Հավանել կամ կիսվել:
0

Ավելացնել մեկնաբանություն

Էլ․փոստը չի հրապարակվի. Պարտադիր դաշտերը նշված են աստղանիշերով *