«ԳԱՎԱՌԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՄՇԵՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ » ՊՈԱԿ-Ի
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը /այսուհետ՝ Քոլեջ/ հիմնադրվել է 1929 թվականին Նոր Բայազետում, որը կոչվել է Անասնաբուծական–անասնաբուժական տեխնիկում։
1971 թվականին տեխնիկումը միավորվելով Կամոյի սովխոզին` վերակազմավորվեց որպես Սովխոզ-տեխնիկում:
1992 թվականին` պայմանավորված սեփականաշնորհման գործընթացով և տնտեսական բարեփոխումներով` վերակազմավորվեց Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումի:
1996 թվականի ապրիլից Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումը վերանվանվեց ՀՀ Գյուղ. նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»:
2002 թվականի դեկտեմբերից «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»-ը վերանվանվեց ՀՀ Գյուղ. նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
2012 թվականի սեպտեմբերից «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
Իր գոյության 89 տարիների ընթացքում Քոլեջը տվել է շուրջ 20600 շրջանավարտ, որոնք դարձել են արտադրության հմուտ կազմակերպիչներ, շատերը` տարբեր ոլորտների ղեկավար աշխատողներ:
Այսօր Քոլեջի շրջանավարտների մի մասը իրենց ուսումը հաջողությամբ շարունակում են Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Իր գործունեության ընթացքում Քոլեջն արժանացել է ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԽՍՀ-ի և ՀԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ կարմիր դրոշների, Հանրապետության գյուղ․ մինստրության և ճյուղային արհմիության փոխանցիկ դրոշի և այլ պետական պարգևների ու խրախուսանքների։
Քոլեջը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով․

Միջին մասնագիտական կրթություն
1. Ֆինանսներ
2. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
3. Անասնաբուժություն
4. Հաշվապահական հաշվառում
5. Մենեջմենթ
6. Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն
1. Համակարգիչների շահագործում
Իր գործունեության ընթացքում Քոլեջն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ։
Քոլեջը համագործակցել է GTZ /Գերմանական տեխնիկական համագործակցություն/ կազմակերպության հետ, որի հովանավորությամբ համալրվել է համակարգչային լսարանը, ապահովվել ինտերնետ կապով։ Նրանց կողմից տրամադրվել է Դիորի ապարատ, արհեստական սերմնավորման ճամպրուկ, մասնագիտական դասագրքեր, ստեղծվել է ուսումնափորձնական դաշտ, ինչպես նաև Քոլեջի դասախոսները վերապատրաստվել են «Գյուղատնտեսություն, կրթություն, խրախուսում և տարածաշրջանային զարգացում» ծրագրի շրջանակներում։
Քոլեջը համագործակցել է նաև Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ (IIZ/DVV), որի ֆինանսավորմամբ և աջակցությամբ Քոլեջում ստեղծվել է գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց խորհրդատվական կենտրոն։ Կենտրոնի մասնագետները կազմակերպել են հանդիպումներ տարածաշրջանի ֆերմերների հետ, ինչպես Քոլեջում, այնպես էլ տնտեսություններում՝ օգնելով նրանց ստանալ իրենց հուզող մասնագիտական հարցերի պատասխանները։
«World-Vision Հայաստան» միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ Քոլեջի դասախոսների կողմից կազմակերպվել են դասընթացներ՝ համայնքների բարձր դասարանների աշակերտների, տարածաշրջանի անասնաբույժների և այլ շահառուների համար։ Կազմակերպության ֆինանսավորմամբ քոլեջում կազմակերպվել են նաև <<Էլեկտրաեռակցում>>, << Պանրագործություն>> թեմաներով դասընթացներ, ինչպես նաև քոլեջում բացվել են «ՍՔԱՅ» ակումբներ և կարիերայի կենտրոն։ Համագործակցությունը կրում է շարունակական բնույթ։
<<ԵՄ-ն հանուն երիտասարդների ՍԵՅ ԵՍ՝ հմտություններ աշխատանքի համար>> ծրագրի շրջանակներում <<Գլոբալ զարգացումներ>> հիմնադրամի աջակցությամբ, <<Վորլդ Վիժն Հայաստան>> միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ Քոլեջում կազմակերպվել են <<Կրտսեր անասնաբույժ>> թեմայով կարճաժամկետ դասընթացներ, որի արդյունքում Քոլեջը ձեռք է բերել ժամանակակից անասնաբուժական լաբորատորիա:
<<Վորլդ Վիժն Հայաստան>>-ի ֆինանսավորմամբ Քոլեջում իրականացվում են նաև անգլերեն լեզվի և համակարգչային երեք ծրագրերի վերաբերյալ կարճաժամկետ դասընթացներ:
Քոլեջն ունի մասնագիտական և գեղարվեստական գրքերով հագեցած հարուստ գրադարան։
Քոլեջում կրթությունն իրականացվում է մանկավարժական, ավանդական և ժամանկակից կարևորագույն մեթոդների զուգակցմամբ։ Դասավանդում են մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ժամանակի պահանջներին համապատասխան դիդակտիկ նյութերով հագեցած կաբինետներում, լաբորատորիաներում, ինտերնետ կապով ապահովված համակարգչային լսարաններում։